«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Լույսը պիտի առաջին հերթին քո մեջ, քո երկրի մեջ գտնես»

«Լույսը պիտի առաջին հերթին քո մեջ, քո երկրի մեջ գտնես»
03.06.2016 | 03:21

«Իրատեսի» հյուրն է գրող, հրապարակախոս, գեղանկարիչ, մասնագիտությամբ բժիշկ ՆԱՆԵՆ:

«ՄԱՍՈՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԶԵՆՔԸ ԳԱՂՏՆԻ, ՔՈՂԱՐԿՎԱԾ ԳՈՐԾԵԼՆ ԷՐ»


-Նանե, քո հրապարակագրության մեջ բարձրացված բազմաթիվ խնդիրների շարքում իր սրությամբ առանձնանում է «300-ի կոմիտե» կոչված համամարդկային չարիքին անդրադարձը: Ինչպե՞ս բացահայտվեց աշխարհի ու մարդկության դեմ կազմակերպված այդ հույժ գաղտնի դավադրությունը:
-Հարցի քննությունը մեզ տանում-հասցնում է մասոններին, նրանց վերին օթյակները՝ այժմ արդեն բազում անվանումներով կառույցների ցանցով աշխարհը թակարդած: Նրանց ամենաուժեղ զենքը գաղտնի, քողարկված գործելն էր: ՈՒ այդ գաղտնիության փուլում նրանք շատ բան հասցրել են անել. այնքան, որ հիմա, բացահայտված լինելով հանդերձ, կարծես թե շատ չեն վախենում: Բացահայտումները կատարել են հենց նրանց անդամները, ներսի մարդիկ՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով: Թեև բացահայտումից հետո այդ ուժերն անվտանգ չեն դարձել, այնուամենայնիվ, մենք չպետք է մտածենք, որ դրանք անպարտելի են: Ամենահզոր տիրապետություններն ու երկրներն էլ այնքա՜ն հեշտ են կործանվել: Մենք ունենք դրա բազմաթիվ օրինակները: Ամեն դեպքում իրենց ամենահզոր զենքերից մեկը՝ գաղտնիությունը, հիմա չկա: Բայց մենք կօգտվե՞նք դրանից արդյոք: Գաղտնազերծումից հետո նրանք փոխել են իրենց մարտավարությունը. բացահայտ ներկայանում են, իրենց դավանանքը հռչակում փիլիսոփայական խորիմաստ գիտություն, քարոզչություն անում, իբր թե օգտակար խորհուրդներ տալիս: ՈՒ նրանք ամենուր են, ներխուժում են տարբեր ոլորտներ, վարկավորում ծրագրեր՝ որոշակի նախապայմաններով: Տեսեք, թե ինչ ծրագրեր են մեզ մոտ ֆինանսավորվում. գրեթե միայն ճանապարհաշինություն, միայն ճարտարապետական կառույցներ: Երբ ես առաջին անգամ ձեռքս վերցրի գլոբալիստական թեմաներին վերաբերող գրականություն, ուղղակի սարսափեցի, կորցրի քունս: Ես այնքան կոնկրետ պատկերացրի, թե երկրագնդի վրա կատարված աղետներն ինչպես են կազմակերպել հենց այդ ուժերը: Ես դեռ այն տարիներին եմ գրել Եվրոպային սպառնացող կործանման մասին, երբ մարդիկ գնում էին Եվրոպա ու հիանում այնտեղի կյանքով: Այսօր արդեն բոլորն են տեսնում, որ Եվրոպան կործանվում է: Բայց տեսնելուց հետո ի՞նչ են անում, արդյոք փորձո՞ւմ են վիճակը շտկել: Էլի ուշ չէ, եթե Եվրոպայի ժողովուրդը ոտքի կանգնի, կփրկի իրեն ու իր երկրները: Բայց տարօրինակ ձևով այդ ժողովրդին կարողանում են խաբել ու խաբել: Եվրոպան էմիգրանտներով լցնելը պատահական բան չէ: Դա քրիստոնեական պետությունները վերացնելու մշակված ծրագիր է, որն արդեն համարյա իրականություն է դառնում: Այն աճը, որ տալիս են մահմեդականները, և այն մեթոդները, որոնք կիրառվում են քրիստոնյաներին անզավակ թողնելու նպատակով, արդեն վկայում են Եվրոպայի վախճանի մասին: Անհասկանալի բժշկական պատվաստումներ, կասկածելի սննդամթերքի գործածում: ՈՒ մենք մեր թշնամիների ձեռքից վերցնում ենք այդ ամենն ու կուլ տալիս: Հիմա վիճակագրությունը վկայում է, որ մեզանում անպտղությունը վերջին տարիներին 40 տոկոսով աճել է: Ես բժիշկ եմ և հասկանում եմ, թե ինչ եմ ասում: Սա տրամաբանությանը չենթարկվող մի վիճակ է: Մենք մինչև հիմա չգիտենք, թե որն է քաղցկեղի առաջացման պատճառը: Եթե վերջին հարյուր տարվա գյուտերի պատմությունն ուսումնասիրենք, կհանդիպենք շատ դեպքերի, երբ գյուտարարներին վերացրել են և կոծկել գյուտը: Այն, որ մինչև հիմա քաղցկեղի բուժումը գտնված չէ, անհեթեթություն է: Իրականում, որտեղ պետք է, ամեն ինչ գիտեն, անգամ կարգավորում, վերահսկում են ընթացքը: Նույն պատմությունն է այս բազմաթիվ վիրուսների դեպքում: Չգիտես՝ որտեղ է ֆանտազիան, որտեղ՝ իրականությունը: Գոյություն ունեն շատ ինստիտուտներ, հոգեբանական ծառայություններ՝ իրենց մասնաճյուղերով, որոնք մտածում են, թե ինչպես հիմարացնեն մարդկանց, ինչպես ռոբոտացնեն, ինչպես տան լուրերը, որ մարդու ուղեղին կաթեցնեն իրենց ուզածը, որ մարդը հավատա դրանց ու գնա դրանց հետևից: Ամբողջ հեռուստաեթերը աշխարհում արդեն մեկ խմբի ձեռքում է: Իրենք են որոշում, թե ինչ պիտի գնա-հասնի մարդկանց, ինչ ձևով, ինչ մեկնաբանությամբ: Եվ նրանց քարոզչությունն այդպես տարածվում է ամբողջ մոլորակով:

«ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՏԱՆՎՈՒՄ-ՏԱՏԱՆՎՈՒՄ, ՀԵՏՈ ԹՄՐՈՒՄ ՈՒ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԵՍ»


-Տարածվող տեղեկատվության գերակշիռ մասը քրոնիկա է արյունահեղության, ագրեսիայի, բնական ու տեխնածին աղետների, այսօրինակ այլ սարսափների մասին: Չէ՞ որ աշխարհում նաև լավ բաներ են կատարվում, բարեբախտաբար, բայց մենք միշտ վատի մասին ենք իրազեկվում: Ինչո՞ւ:
-Բնական է: Այդ ամենն արվում է, որ մարդը հաշտվի սարսափելի իրականության հետ, մտածի, որ փախչելու տեղ չունի, որ դա իր ճակատագիրն է, որ ինքը չպիտի պայքարի դրա դեմ: Այդ ամենը թմրեցնում է մարդուն, վախի մեջ է պահում: Անորոշ վախից վտանգավոր բան չկա: Անորոշության մեջ տատանվում-տատանվում, հետո թմրում ու վերջանում ես: Մարդկանց այդ վիճակին հասցնելու մի ձև էլ այսօրվա զվարճություններն են, բազմազան մրցույթները: Այդ ամենը մտածված է մարդկանց կյանքը փոքրիկ ուրախություններով լցնելու, կարևոր բաներից ուշադրությունները շեղելու նպատակով: Որպեսզի ժամանակ շահեն ու կարողանան ավարտին հասցնել իրենց սև գործը:

«ՄԵՆՔ ՉԴԻՄԱՑԱՆՔ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՆԸ, ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ»


-Քո գիրը շատ ցավագին է արձագանքում մեր արտագաղթի թեմային: Զանգվածային այդ հոսքն ընդամենը կենցաղային, տնտեսական պատճառներո՞վ է պայմանավորված, ըստ քեզ: Այն, որ հայ ժողովուրդն այսքան հեշտությամբ, այսքան հոծ խմբերով լքում է իր բնօրրանը, որի համար հազարավոր տարիներ արյուն է հեղել, չունի՞ ավելի խորքային պատճառներ:
-ՈՒնի, իհարկե: Գլոբալ ուժերն աշխատում են բոլոր ձևերով: Մենք անընդհատ հսկողության տակ ենք, և մեր արտագաղթը միայն հացի, աշխատատեղերի պակասով չի պայմանավորված: Գլոբալիստները լավ ուսումնասիրում են մարդկանց թույլ տեղերը և խաղում դրանց վրա: Մեզ ամենից շատ ճնշող գործոնը եղավ անարդարությունը: Մենք չդիմացանք անարդարությանը, հոգեբանական ճնշմանը, անօգնականության գիտակցմանը մեր հայրենի հողի վրա: Եվ ցավ ես ապրում, որ դրսում, որտեղ մեզ վերաբերվում են որպես չորրորդական-հինգերորդական մի կատեգորիայի, միևնույն է, արդարության զգացումն ավելի բավարարված է: Դրսում, այդուհանդերձ, մենք ավելի ենք մեզ մարդ զգում, քան մեր հողի վրա: Բայց դա ճիշտ մտածողություն չէ: Մենք պետք է այստեղ ապրենք, դիմանանք, աշխատենք, որ լավացնենք կյանքը հայրենիքում: Մենք մեղավոր ենք նաև նրանով, որ դրսի կյանքը մեծ շուքով, պայծառ փայլով ենք ներկայացնում: Ներկայացնում ենք դրսում կայացած, հարստացած, նշանակալից ձեռքբերումներ ունեցած հայերին, անվանի աստղերին: ՈՒ այստեղ ապրողները որոշում են, որ իրենք էլ կարող են նման բաների հասնել: Ավելին, նրանք նաև մտածում են, որ կարող են մեծ բաների հասնելուց հետո գալ ու տեր կանգնել, օգնել հայրենիքին: Դա էլ հայրենասիրության մի ձև է:
-Այո՛, և շատ տարածված ձև:
-Բայց չէ՞ որ դրսում բոլորը չեն այդպիսին: Ինչո՞ւ չեն ցույց տալիս, թե ինչ դժվարությունների միջով են անցնում դրսում ապրող մեր հայրենակիցները: Շատերն այնպիսի վիճակում են, որ պարզապես ամաչում են հետ գալ: Այս մասին պետք է խոսվի: Պետք է մարդկանց բացատրվի, որ այստեղ ինչ ունենան-չունենան, հող ունեն ոտքերի տակ: Հենց այդ հողն է մեզ ուժ տվողը, իսկ դրսում մենք դա չունենք: Գնում են, որովհետև այստեղ կան անարդարություններ: Իսկ արդա՞ր է այն, որ ուրիշին են թողնում հողն ու գնում: Ամենամեծ անարդարությունն իրենք են անում: Եվ վաղը հողը կկորցնեն միայն այն պատճառով, ինչ է թե իրենք այսօր չդիմացան: Հե՞շտ բան է հող ձեռք բերելը, որ այդպես հեշտ կորցնենք: Տեսեք, թե հրեաները ինչպիսի դժվարությամբ, չունենալով ոչինչ, կարողացան գալ-ստեղծել իրենց երկիրը: Մենք այսօր ունենք երկիր ու այսպես հեշտ շպրտում-գնում ենք: Յուրաքանչյուր գնացող պիտի մտածի, որ դա ինչ-որ տեղ դավաճանի քայլ է: Գուցե դրսում մի քիչ ավելի շատ է ուտելիքը, բայց եթե այստեղ մնան, գուցե ձեռքն ավելի՞ ամուր բռունցքվի, բռունցքն ավելի՞ ուժեղ դառնա: Ճիշտ է, դժվար է, բայց պիտի մի բան անենք: Անարդարությունն իսկապես շատ է. ընտրում ես, պարզվում է՝ չես ընտրել, ելք ես գտնում, տեսնում ես փակվեց, քայլ չես կարող անել: Բայց միշտ լույսը կա: ՈՒ այդ լույսը պիտի առաջին հերթին քո մեջ, քո երկրի մեջ գտնես: Ինչ-որ տեղ դրսում ապրող մեր հայրենակիցներին ես նմանեցնում եմ Փոքր Մհերին. գնում-փակվում են դրսում ու սպասում, որ հայրենիքում վիճակը լավանա, վերադառնան: Իհարկե, Մհերի կերպարը տարբեր ձևով կարելի է վերլուծել: Բայց ես այդպես եմ ընկալում:


«ԵՎ ՀՈՂՆ ԷԼ ՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԶԳՈՒՄ»


-Նանե, հիշում եմ Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությանդ առիթով ունեցած հակասական տրամադրություններդ: Նախ` ասացիր, թե նեղացած ես վերադարձել, որովհետև բախել ես Ագռավաքարի դուռը, և Փոքր Մհերը չի բացել, քեզ չի արձագանքել: Ավելի ուշ այն գիտակցությունն ունեցար, որ մեր գնալն անհրաժեշտ է, որովհետև ինչպես մենք՝ հողին, այնպես էլ հողն է մեզ կարոտում: Հակասական այս ապրումների տիրույթում կողմնորոշվե՞լ ես, թե՞ տարուբերումները շարունակվում են:
-Մինչև գնալս մտածում էի, որ երբևիցե չեմ կարող ոտքս դնել այդ տարածք, որ չեմ դիմանա, երբ տեսնեմ, թե ոնց է թուրքը քայլում այդ հողերի վրա: Բայց վստահ էի, որ պիտի գնամ, որովհետև երազ էի տեսել արցախյան պատերազմի ծանր շրջանում, որն ինձ հիմք էր տալիս մտածելու, որ այդ հողերն ազատագրվելու են: Դեռ Արցախում ծանր վիճակ էր, միայն Շուշին էր ազատագրված, և Աստված երազումս նվիրեց մեզ Արցախի շրջաններն ու ասաց. «Սա դեռ ամենը չէ: Ես այն լեռն էլ եմ ձեզ նվիրելու»: Այնպես որ, ես մտածում էի՝ կնվիրի, հետո կգնամ: Բայց ստացվեց այնպես, որ շուտ գնացի: Եվ հիմա հասկանում եմ, որ դա շատ ճիշտ էր: Նույնիսկ հարազատիդ շիրիմը քո այցելության կարիքն ունի, էլ ուր մնաց՝ կենդանի հարազատդ: Մենք սխալ ենք մտածում, որ հրաժարվում ենք լինել այդ վայրերում: Մեր հարազատն այնտեղ մեր կարոտն է քաշում, մենք ասում ենք՝ չենք ուզում իրեն տեսնել, թող մերը դառնա, նոր կգնանք-կտեսնենք: Իսկ ես այնտեղ ունեի այն զգացողությունը, որ հողը մերն է, մենք տիրոջ պես էինք մեզ պահում այդ հողի վրա: Եվ հողն էլ տիրոջ ներկայությունն էր զգում: Իսկ թուրքերն իմ աչքում ինչ-որ խաղալիքային կերպարներ էին, այնքան աննշան էին, անկարևոր:

«ԹՈՒՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ, ՔԱՂԱՔԱԿՐԹՎԵԼ»


-Քանի որ այդքան կարևորում ես երազները, տեսիլքները, մտածե՞լ ես, թե ինչ երազներ կարող են տեսնել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր լույս զավակներին խոշտանգած, գլխատած հրեշները:
-Այս հարցը ես ինձ վաղուց եմ տվել, և պատասխանն էլ ինձ համար պարզել՝ դեռ մինչև մեր այս քառօրյա պատերազմն ու փառահեղ հաղթանակը: Որովհետև ոչինչ նոր չէ թուրքի պահվածքում: Թուրքը (ազերին) նույնն է՝ երեկ, այսօր, վստահ եմ՝ նաև վաղը: Թուրքը չի կարող փոխվել, քաղաքակրթվել: Դա մարդուն է բնորոշ: Սումգայիթը արդեն վերջին կասկածներս ցրեց: Նրանք՝ այդ նորերը, գաղափար անգամ չունենալով դարասկզբի թուրքական ջարդերից, արեցին նույնը՝ կտտանքների ու վայրագության նույն անհագ մղումով, որը նրանց վայրենի գենի մեջ է դաջված: Ես վստահաբար այն կարծիքին էի, որ խոշտանգվածների անհանգիստ հոգիները չեն կարող անհանգիստ չանել գոնե նրանց քունը, որ իրենց զոհերի շեներին տիրացած այդ բարբարոսները, հաստատ, կոշմարներ են տեսնում երազներում: Իսկ հետո տարբեր մարդկանցից իմացա, որ դա հենց այդպես էլ կա: Որ Արարատից այն կողմ՝ մեր հողերում, ուր հրեշտակների տեղ նահատակների հոգիներն են դեգերում, քունն այնքան էլ խաղաղ չէ ոմանց համար, և մղձավանջները սովորական բան են: Եվ... Վանա մեր ծովակն էլ անմասն չէ հայոց վրեժից: «Այնտեղ հրեշ կա, որը վախեցնում է մեզ»,- խոստովանել է մի քուրդ, թե թուրք: Եվ, իսկապես էլ, այդ լսելուց հետո հիշեցի, որ Վանա լճի մեջ լողացող մարդ չտեսա իմ այն «վերադարձի» օրերին՝ մեզնից բացի: Այնինչ աշնան սկիզբն էր՝ ջերմ ու թավշյա օրեր, մեր Ծովակը՝ կապտաթույր ու հմայիչ: Եթե նորից երազներին դառնանք, երևի թե՝ նրանց երանելի երազներն էլ իրենց բնօրրանի՝ անապատի դեղին փոշին ու վրանատիպ կացարաններն են: «Յուրդդ փլի»,- իրենց անեծքներից է: Իսկ անեծքն ու օրհնանքը ազգի ամենախոր ակունքներից են գալիս: Յուրդ՝ ոչ թե շեն կամ տուն: Պալատներում էլ ապրեն՝ նրանց հոգուն հարազատն այդ է: Այդ է հաստատ նաև նրանց երազներում՝ պատառոտած վրաններ, խղճուկ յուրդ-կացարաններ և… անտերունչ ու շեկ անապատը: ՈՒ տա՛ Աստված, որ նրանց այդ երազներն ի կատար ածվեն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ